Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:
Այնուհետև վարչապետը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:
Վարչապետն ի պատասխան ներկաների հարցերի` խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների շուրջ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը Վլադիվոստոկում մասնակցել է Արևելյան տնտեսական ֆորումի 7-րդ լիագումար նիստին, որից հետո Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցեր։