ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական շահերի, կատարել է այնպիսի գործողություններ, որոնք դուրս են եկել իր լիազորությունների շրջանակներից, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին, պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին: