Հայաստանի բնակիչների 60%-ից ավելին չի վստահում հանրապետությունամ ոչ մի քաղաքական գործչի, 40%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է ընթանում։ Այս մասին են վկայում «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքները։
Այսպես, ըստ հարցման, հարցվածների 31%-ի կարծիքով՝ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում, հարցման մասնակիցների 42%-ը կարծում է, որ այն սխալ ուղղությամբ է, ևս 27%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցվածների 54%-ը, որպես Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր, նշել է ազգային անվտանգության և սահմանային հարցերը։ 10%-ը նման խնդիր է ահամարում քաղաքական անկայունությունը, 5%-ի կարծիքով՝ երկրում ամենակարևոր խնդիրը տնտեսության վիճակն ու գործազրկությունն է։
Հարցման մասնակիցների 4%-ը կարծում է, որ ամենակարևոր խնդիրը բարձր գներն ու կենցաղային ծախսերն են, հարցվածների 2%-ը նշել է տարածաշրջանային հակամարտությունները և ժողովրդավարության հետ կապված իրավիճակը։ Եվս 2%-ը որպես ամենակարևոր խնդիր նշել է աղքատությունը, հարցման մասնակիցների 2%-ը դժվարացել է պատասխանել հարցին։
Քաղաքական գործիչներից գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամենից շատ վստահում է հարցվածների 16%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ 3%-ը։ Ընդ որում, հարցման մասնակիցների 64%-ը չի վստահում ոչ մի քաղաքական գործչի, ևս 10%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցին, թե որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեին, եթե հաջորդ կիրակի կայանային խորհրդարանական ընտրություններ, հարցվողները նշել են՝ ՔՊԿ՝ 25%, «Հայաստան» դաշինք՝ 6%, ՀՅԴ՝ 2%, ՀՀԿ՝ 1%, «Պատիվ ունեմ»՝ 1%։
Միևնույն ժամանակ, հարցվածների 25%-ը նշել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, 15%-ը պատասխանել է, որ չի քվեարկի այս քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին, 14%-ը դժվարացել է պատասխանել, հարցման մասնակիցների 4%-ը հրաժարվել է պատասխանել հարցին։