Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: