Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիներն այսօր ևս բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ։ Նրանք ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կատարել իրենց մյուս պահանջները ևս։
Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, նշեց՝ երբևէ պետք չէ կարծել, թե խաղաղության դարաշրջանը կարող է մեկնարկել և այն, ինչ երեկ տեղի է ունեցել իրենց հետ, այսօր նույն ցավը կարող է զգալ մեկ այլ ծնող։ Ծնողները պահանջում են նաև չխեղաթյուրել իրենց պահանջները, չներկայացնել այլ ձևաչափով։
«Երեկ ազգային ժողովում մեր խոսքերը, պահանջները նենգափոխվեցին։ Մենք չենք ուզում, որ նման բան տեղի ունենա։ Վտանգը մեծ է, թշնամին՝ նույնը»,- ասաց նա՝ հավելելով, որ ծնողներն այժմ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին ներկայացնում են իրենց առաջարկներն ու պահանջները։
Լրագրողների հետ զրույցում Հռիփսիմե Ստամբուլյանը նշեց, որ ծնողներին այս հարցում երբեք միայնակ չեն թողել։ Այն, ինչ նրանց մտահոգում է, իրենց օրակարգում է։
«Լսեցի իրենց պահանջները, խմբակցության նիստի ժամանակ կքննարկվեն բոլոր հարցերը, ընդհանուր որոշում կկայացվի։ Այստեղ հավաքված ծնողները հայրենիքին տվել են իրենց ամենաթանկը։ Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, պետք է անենք այնպիսի քայլեր, որոնք կլինեն իրատեսական և կտան արդյունք»,- ասաց պատգամավորը։
Ծնողների խոսքով՝ իրենք գիշերն անցկացրել են Ազգային ժողովի դիմաց՝ նպատակով, որ ցույց տան իրենց սկզբունքայնությունն ու համառությունը, չեն նահանջելու, չեն կոտրվելու, այլ շարունակելու են աննահանջ պայքարել։ Նրանք նշում են՝ քաղաքական առաջնորդներ լինել չեն կարող, բայց ճիշտ ռազմավարության, ճիշտ քայլերի հաջորդականության, գործողությունների քարտեզի և միասնական թեկնածուի դեպքում շարժվել առաջ և հասնել նպատակի։