Queen խմբի լեգենդար կիթառահարն Instagram-ի իր միկրոբլոգում հայտարարություն է հրապարակել՝ աջակցելով Հայաստանին և կոչ անելով ողջ աշխարհին ուշադրություն դարձնել Ադրբեջանի ագրեսիային։ Բրայան Մեյն ասել է, որ Հայաստանը մենակ է մնացել ագրեսոր երկրների ու բռնապետությունների դեմ, և որ երկիրը Արևմուտքի աջակցության խիստ կարիքն ունի։
«Հայաստանն աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է՝ դժվարին ճակատագրով և ողբերգական պատմությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության կողմից 1,2 միլիոն հայ սպանվեց դաժան, էթնիկ զտումների ժամանակ, որը Թուրքիան մինչ օրս հերքում է։ Այսօր Հայաստանին կրկին սպառնում է աշխարհի երեսից ջնջելու դավադրությունը»,- իր սոցիալական ցանցերում կիսվել է երաժիշտը։
Սեպտեմբերի սկզբին Բրայան Մեյն այցելել էր Երևան, մասնակցել STARMUS միջազգային փառատոնին, որի շրջանակներում Հայաստանի մայրաքաղաքը համախմբել էր մի շարք աշխարհահռչակ արվեստագետների և գիտնականների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 32 մարմին։ ՔԿ-ի ղեկավար Արգիշտի Քյարամյանի փոխանցմամբ՝ քաղաքացիական անձանց շրջանում 2 զոհ ունենք։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։