ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում։
Քաղաքացիական պաշտպանության կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն է՛լ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում:
Նշվում է, որ բնակչության պատսպարման հաշվարկումն իրականացվում է համայնքների ղեկավարության կողմից: Ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է, ուղարկվում է Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:
«Իմ և փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականներով ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խմբերը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցների ուղեկցությամբ պարբերաբար իրականացնում են բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն: Լուսանկարում են տարածքը, վիճակի մասին տեղեկացնում վերադասին, նրանք էլ, իրենց հերթին, իրավիճակը ներկայացնում են ՏԻՄ-երին, առկա թերությունները վերացնելու համար»,- նշում է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարնները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը:
Բնակչության իրազեկումը տեղի է ունենում ՏԻՄ-երի կողմից: Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվում են թեմատիկ վարժանքներ: