ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել Եռաբլուր զինվորական պանթեոնից առավոտյան քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ։ Նշվում է, որ սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները Եռաբլուրի զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ:
«Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, և հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով։
Չմոռանանք, որ ոստիկանությունն առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ:
Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»,- ասված է հայտարարությունում:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, 06:00-ին մի խումբ զինծառայողների հարազատներ բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանք գիշերել էին Եռաբլուրույմ, որպեսզի առավոտյան խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Սկսվել էր քաշքշուկ ոստիկանների ու զոհերի հարազատների միջև, նրանց ուժով պոկել էին գերեզմաններից, որպեսզի Փաշինյանն այցելի պանթեոն:
Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ չեն ցանկանում, որ վարչապետն առհասարակ այցելի իրենց որդիների շիրիմներին: «Եթե որևէ մեկը եկավ ծաղիկ դնելու իմ տղայի գերեզմանին, նշանակում է՝ պղծում է այն»,- ասել է ծնողներից մեկը: Մեկ այլ զինծառայողի մայր էլ նշել է, որ հենց իրենց վարած քաղաքականության պատճառով են երիտասարդները պառկած հողի տակ: