Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 32 զինծառայողների աճյուներից մեկը եղել է 20-ամյա Շավարշ Մարգարյանինը։
20-ամյա Շավարշը Արարատի մարզի Լանջառ գյուղից էր։ Ծառայում էր Կապանում։ 2023 թվականի փետրվարին պետք է զորացրվեր։
«Շավարշը վարորդ էր, ավտոմեքենայով հաց էր հասցնում տղաներին։ Այդ օրն էլ է տարել, երբ ցանկացել է վերադառնալ, իրեն ասել են, որ շտապօգնության մեքենան շրջվել է, խնդրել են օգնել։ Հետո արդեն վերադառնալիս ավտոմեքենան պայթել է ականի վրա։ Մենք ադրբեջանական տեսանյութերից մեկում տեսել ենք իրեն, բայց չենք կարող ասել, թե ինչ վիճակում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Շավարշի համագյուղացին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: