ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը և ընդգծել, որ ակնկալում են բելգիացի գործընկերների ջանքերը՝ հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։
ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձեւաչափերով համագործակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձևի նախագծում առաջարկած լրացումներին միանալը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը և Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր: «Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան: