Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերը, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, հայտնել է, որ փորձում են քրեականացնել կամ հանցանքի վերածել ցեղասպանության մերժումը։ Փոխանցում է ԱԺ կայքը։
«Մենք փորձում ենք քրեականացնել կամ հանցանքի վերածել ցեղասպանության մերժումը: Բելգիան առաջին երկրներից է, որն ամբողջությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և մեր ուժերի ներածին չափով փորձում ենք բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանել այն ևս: Չափազանց մտահոգված ենք ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադրությամբ, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը կրկին ագրեսիվ գործողություններ է իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ»,- նշել է Դեմեսմեկերը։
Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ին ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստերին: