Ադրբեջանի արտգործնախարարը, անդրադառնալով Նյու Յորքում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, ասել է, որ «չնայած բացասական մթնոլորտին», Բաքուն այդ հանդիպմանը վերահաստատել է, որ պատրաստ է խաղաղ բանակցություններին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը:
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է նաեւ, որ Հայաստանը «բառերով» ընդունել է Բաքվի 5 հիմնարար սկզբունքները եւ կրկին հնչեցրել է Ադրբեջանի պահանջները՝ դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից։
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքն անթույլատրելի են, իսկ հետագա էսկալացիաները կանխելու նպատակով պետք է գործի դրվեն միջազգային մեխանիզմներ։ Հայաստանի արտգործնախարարը կարևորել է հումանիտար հարցերի շուտափույթ կարգավորումը, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձը։ Միրզոյանը վերահաստատել է հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում ներգրավված լինելու հայկական կողմի պատրաստակամությունը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: