Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երկու տասնյակ ֆրանսիական խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով՝ ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրանից 2 տարի անց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու պատերազմական հանցագործությունների մասին ահազանգելու և միջազգային հանրության արդյունավետ հակազդեցության միջոցով Բաքվի զավթողական հավակնություններն ու հայ ժողովրդի դեմ էթնիկ նոր զտումները զսպելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է, որ ադրբեջանական վերջին ագրեսիան ի ցույց է դնում Բաքվի՝ հեռուն գնացող ագրեսիվ ու ծավալապաշտական նկրտումները։ Դեսպանը լրագրողների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2 տարի ի վեր միջազգային իրավունքի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների, այդ թվում՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ապօրինաբար անազատության մեջ պահելու, խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք կիրառելու փաստագրված տվյալների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ու քաղաքակրթական հետքերի ոչնչացման պետական քաղաքականության վրա։
Այդ ամենի համատեքստում ՀՀ դեսպանը հորդորել է միջազգային հանրությանը վճռական և հստակ արձագանք տալ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար՝ այդ թվում ընդգծելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերադարձի հրամայականը բանակցային գործընթաց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։
Ելույթներից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։ Մամուլի ասուլիսին ներկա էին ֆրանսիական խոշոր տպագիր մամուլի և հեռուստատեսությունների ներկայացուցիչներ («Agence France Presse», «Le Figaro», «Le Figaro Magazine», «Le Monde», «L’Express», «Le Point», «Marianne», «L’Opinion», «Valeurs actuelles», «La Revue des deux Mondes», «Le Pèlerin», «Le Conflit», «L’Incorrect», «France 24», «TV5Monde», «Arte», «RFI» և այլն)։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: