Զոհված զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, դեմ է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեն իրենց որդիների շիրիմներին: Սեպտեմբերի 21-ին իրենց բերման ենթարկելու փաստը համեմատում է ցեղասպանության հետ, երբ թուրքը սկզբում տղամարդկանց էր մեկուսացնում, ապա կանանց:
Նրա խոսքով՝ այս գիշեր էլ եղել է Եռաբլուրում, որ թույլ չտա թե՛ կառավարական, թե՛ խորհրդարանական իշխանություններին, իսկ առավել ևս՝ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել Եռաբլուր: Պատմելով սեպտեմբերի 21-ին տեղի ունեցածի մասին, Սահակյանն ասաց՝ բացարձակ անընդունելի բաներ են եղել: Մասնավորապես՝ 63-ամյա կնոջը չորս կարմիրբերետավոր գլխիվայր իջեցրել են աստիճաններից, որ արյան կաթված ստանա:
Նրանք, ովքեր սոցհարթակներում թողնում են քննադատական գրառումներ, զոհվածի հայրը հորդորում է գալ Եռաբլուր և ստանալ իր պատասխանը:
«Ես քաղաքավարի ձևով կապացուցեմ, որ ես եմ ճիշտը, ինքը՝ սխալ»,- ասաց Սահակյանն ու շեշտեց, որ այս հողի վրա որդին 4,5 լիտր արյուն է կորցրել, որի մի կաթիլն անգամ նա չէր կարող փոխել որևէ գումարի կամ աշարժ գույքի հետ: Ուստի հորդորեց՝ այսուհետ չգրել, թե իրենք ծախված են:
Այն, որ այսօր կառավարության անդամերը չեն եկել Եռաբլուր՝ ամսի 21-ի դասն է, որ չսպասված հյուր են տղաների համար, կարծում է զոհվածի հայրը:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 2-ամյակը: Եռաբլուրում գիշերն անցկացրած մի խումբ ծնողներ այսպիսով փորձում էին արգելել Եռաբլուր մուտքը պետական այրերին: Սակայն վարչապետը մեկնել է Ֆրանսիա, իսկ ավելի ուշ ԶԼՄ-ները գրեցին, որ քաղաքական վերնախավը չի գնա Եռաբլուր: