Զինվորի տանը բուժվող, Գերմանիայից վերադարձած Հայկն արդեն երբեմն արձագանքում է հարազատների խոսքին, իսկ Հունաստանից վերադարձած Սերգեյը երջանկության արցունքներ է պարգևում ծնողներին՝ իր ժպիտով:
Պատերազմից հետո արտերկիր բուժման մեկնած տղաները վերադարձել են հայրենիք՝ Զինվորի տուն։
Արդեն երկու տարի ծնողներն ապրում են հրաշքի սպասումով, թե երբ է իրենց որդին ոտքի կանգնելու, քայլելու, խոսելու: Ընտանիքը համառ լավատեսությամբ սպասում է հրաշքների, որոնք, ճիշտ է, շատ դանդաղ, բայց տեղի ունենում են:
Հայրը՝ Արթուր Զաքարյանն ասում է, որ Հայկ արձագանքում է իրենց, աչքերով հասկացնում այնոն ու ոչը, նայում աջ կամ ձախ:
«Ակնհայտ երևում է, որ Հայկը մեզ լսում է, հրահանգներ էլ կան, որ կատարում է»,- ասում է նա:
Հայկը նրանցից էր, որ կառավարության օժանդակությամբ մեկնեց Գերմանիա՝ բուժումն ստանալու: Ինչպես Զինվորի տնից հայտնում են՝ ամիսներ շարունակ Գերմանիայում բուժում ստանալուց հետո, Հայաստանում՝ Զինվորի տանը, բացվեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, առավել ծանր դեպքերի համար, Հայկին տեղափոխեցին ՀՀ:
Սերգեյը, մեկ այլ զինվոր, մի անասելի ուրախ ծիծաղով է դիմավորում իրեն այցելության եկող հորը: Եվ ինչը կարող է ավելի ապրեցնող լինել, եթե ոչ գիտակցության եկած որդու նման ժպիտը:
Հոր խոսքով՝ երեք ամսում ակնհայտ փոփոխություն կա, ինչը քառապատկում է հույսը: Հայրն ինքն էլ առաջին պատերազմի հաշմանդամ է: Սերգեյը Հունաստանում էր ստացել նախնական բուժումը, ապա վերադարձրել Հայաստան՝ դառնալով Զինվորի տան շահառու:
Այս կլինիկան ոչ մի բանով չի զիջում հունականին, բացի դա՝ այստեղ ամեն ինչ անվճար է, և տղաներն էլ՝ հայերեն խոսք են լսում, ինչն օգնելու է ավելի վաղ վերականգնվել:
Երեկոյան 4-7-ն ամենասպասվածն են այս զինվորների ու նրանց ծնողների համար: Հենց այդ ժամին են ծնողներն այցելում իրենց քաջարի հերոսներին ու նոր հրաշքի սպասում: