Armenia Today֊ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ հասկանալու համար՝ ըստ քաղաքացիների հնարավո՞ր է մոտ ապագայում խաղաղ կարգավորման հասնել հայ-ադրբեջանական հարաբերություններում:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ասել է մինչև տարվա վերջ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր մտադրության մասին։
Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող այսօր ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը, որի արդյունքում 6 ամիս անց կսկսվի նոր պատերազմ: «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»,- ասել է վարչապետը։
Դրանից հետո տասնյակ հազարավոր մարդիկ սեպտեմբերի 14-ի երեկոյան հավաքվել էին խորհրդարանի և կառավարության շենքերի մոտ բողոքի ցույցի։
Armenia Today-ի հարցման արդյունքներով՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չի հավատում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, քանի որ կարծում է, որ Ադրբեջանը միշտ դրժում է իր խոստումները։ «Մենք պետք է զինվենք և ամեն րոպե պատրաստ լինենք պատերազմի։ Խաղաղությունը ոչ թե մուրում են, այլ պարտադրում են»,- ասում են նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։