Դատաբժշկական կենտրոնում մի քանի օր առաջ ավարտեցին սեպտեմբերի մարտերում զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացման աշխատանքը։ Այս մասին – «Ազատությանը» ռ/կ-ին փոխանցել է Դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինե Բաղդասարյանը:
«Մենք մի կողմ դրեցինք մեր բոլոր քրեական գործերը և զբաղվեցինք միայն այդ նմուշներով, միայն ծնողներով, և այն նմուշները, որոնք մեզ ներկայացվել են, այս պահին ամբողջ գործողություններն ավարտված են», -նշել է Բաղադասրյանը։
Նա հայտնել, է, որ բոլոր մարմինները լիարժեք նույնականացվել են, և նշել, որ ծնողներն այս անգամ որևէ կասկած չեն հայտնել և տարել ու հուղարկավորել են իրենց որդիներին. «Ծնողներ կային, որ երբ որ գերիներին հանձնեցին, դրանից հետո եկան, մենք հասկացանք, որ հույսները կտրեցին, եկան»:
Սեպտեմբերի 13-ից են այստեղ սկսել ԴՆԹ փորձաքննությունները, սկզբում արյան նմուշներ էին, որ ԴՆԹ բնութագրի մշակման տեսանկյունից ավելի քիչ ժամանակ է պահանջում, հետո արդեն ոսկրային:
«Այո, այրված դիակներ ունեցել ենք, խնդիր ունեցել ենք, ցանկացած ԴՆԹ բնութագիր որ ստացել ենք, կրկնել ենք ևս մեկ անգամ, որը մենք պարտավոր ենք անել, այ հենց դրա համար եմ ասում՝ մենք այստեղ ժամանակի խնդիր չունենք, խնդիր ունենք ճշգրիտ նույնականացման՝ լիարժեք բնութագիր ստանալու համար», – նշեց նա:
Ավելի քան 200 զոհ ու անհետ կորած սեպտեմբերյան այս մարտերի հետևանքով. թվերի հստակեցում պաշտոնապես առայժմ չկա, դատաբժշկական կենտրոնում նույնականացման ենթակա մարմիններ արդեն չկան, բայց կան ծնողներ, որ արյուն են հանձնում՝ իրենց որդիներին թեկուզ զոհված գտնելու համար: Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հրապարակում զոհվածների անունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։