Ազատ խոսքն ու մամուլը ժողովրդավարության կենսական հիմնասյուներից մեկն են: Այս մասին ասված է Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության մեջ, որն արվել է Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
«Սիրելի գործընկերներ, մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, այսօր նշում ենք Հայ մամուլի հիմնադրման օրը:
Մենք՝ այսօր գործող լրագրողներս, ամենօրյա աշխատանքով շարունակում ենք հայ մամուլի ավանդույթները, ինչը ոչ միայն հպարտության առարկա է, այլ նաև չափազանց պարտավորեցնող առաքելություն: Այսօր մեր պետությունը բախվում է լրջագույն մարտահրավերների, պայմանավորված` ինչպես արտաքին, գոյաբանական սպառնալիքներով, այնպես էլ ժողովրդավարությանն ուղղված ներքին ոտնձգություններով, ազատ խոսքի հանդեպ դրսևորվող՝ երբեմն թշնամանքի հասնող անհանդուրժողականությամբ»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այսօր հայկական մամուլի դեմ ուղղված ամենահամակարգային մարտահրավերներից մեկն այն է, որ գործող իշխանությունները՝ արտաքին աշխարհի համար ձևական ժողովրդավարություն ցուցադրելու նպատակով պահպանում են խոսքի ու մամուլի ազատության արտաքին շղարշը, միևնույն ժամանակ բովանդակային հարթությունում անելով ամեն ինչ` ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնելու համար:
«Այս մարտահրավերներին դիմակայելու համար մեզանից պահանջվում է առաջին հերթին ու առավելապես մասնագիտական համերաշխություն, յուրատեսակ հավատարմություն լրագրությանը, որը մեզ կհամախմբի անկախ մեր բոլոր տարբերություններից ու տարաձայնություններից: Այդ միասնականությանը մենք կարող ենք հասնել այդ թվում ու առաջին հերթին մեր գործունեության մեջ լրագրողական էթիկայի կանոնների խստիվ պահպանմամբ և մեր աշխատանքի հանդեպ ներքին պատասխանատվության բարձրացմամբ, ինչը, ցավոք, ոչ միշտ է դրսևորվում մեր օրերում: Ազատ խոսքն ու մամուլը ժողովրդավարության կենսական հիմնասյուներից մեկն են, որոնց պաշտպանությունն ու զարգացումն այսօր մեր՝ լրագրողներիս պարտականությունն է»,-ասված է հայտարարության մեջ: