Այսօր ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է։ Այսօր նա դառնում է 42 տարեկան։
Քիմի աստղային ճանապարհը
Աշխարհահռչակ հայուհին՝ Քիմ Քարդաշյանը, ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Լոս Անջելեսում։ Նրա ամբողջական անունը Քիմբերլի Նոել Քարդաշյան է։ Սակայն «Քիմ» հապավումն ավելի տարածված է։ Ապագա աստղը ծնվել է հայտնի հայազգի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և գործարար, պրոդյուսեր Քրիս Ջենների ընտանիքում։ Եթե հավատանք Քիմի խոսքերին, ինքն իր մասին ասում է՝ ես հայ եմ, շոտլանդացի և հոլանդացի։
Երբ Քիմը 9 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Երկու տարի անց նրա մայրն ամուսնացավ Բրյուս Ջենների հետ։
Քիմը մասնագիտական գործունեությունն սկսել է դեռ դպրոցական տարիներին, սակայն ոչ թե մոդելային ոլորտում, այլ գովազդային՝ աշխատելով հայրիկի համար։
Քիմը բազմազավակ ընտանիքում է մեծացել. նա 4 եղբայր և 4 քույր ունի՝ Քորթնին, Քլոեն, Բարտոնը, Բրենդոնը, Բրոդին, Քեյսին, ինչպես նաև Քենդալը և Քայլին: Հենց բազմազավակ ընտանիքին է Քիմը պարտական իր մեծ համբավի համար, քանի որ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն իր ընտանիքի անդամների մասին է։ Քիմի՝ որպես հեռուստաստղի առաջին դեբյուտը 2007-ին է եղել։ Հենց այդ ժամանակ նա մասնակցեց «Keeping Up with The Kardashians» շոուին։
Երեք տարի անց Քարդաշյանն արդեն 6 մլն դոլար էր վաստակել, բայց նրա հաջողություններն այսքանով չեն ավարտվում։ Տարեցտարի նա դարձավ ավելի հանրային և պահանջված կերպար՝ հատկապես կոմերցիոն տեսանկյունից։ Մասնավորապես, Քիմը հիմնադրել է հագուստի, ոսկերչական զարդերի, օծանելիքի, երգերի, գրքերի իր ապրանքանիշը։
Քիմ Քարդաշյանին մեծ ճանաչում է բերել նաև 2006 թվականի սկանդալը։ Հենց այդ ժամանակ Քիմը դարձավ հայտնի՝ համացանցում հայտնված մեծահասակների համար նախատեսված տնային տեսանյութի շնորհիվ։ Երկար ժամանակ տեսահոլովակը շրջում էր համացանցում։ Առաջին անգամ Քարդաշյանը հերքել է, որ այս տեսանյութն իրական է։ Բայց ինչ-որ պահի նա հայց է ներկայացրել այն ընկերության դեմ, որը նախատեսում էր տեսանյութերը տարածել սկավառակների վրա: Հենց դրանով էլ նա խոստովանել է, որ տեսանյութն իրական է։ Մինչ օրս նա ամաչում է կատարվածի համար։
Քարդաշյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, շոուներում և սերիալներում։ Բացի «Քարդաշյանների ընտանիքից», հայտնի են «Անիրական բլոկբաստերը», «Ընդմիջման ժամանակ», »Երազանքներն իրականանում են», «Ընտանեկան խորհրդատու», «Օուշենի ութ ընկերուհիները» և այլն։
2021 թվականին Քիմ Քարդաշյանն իր ապրանքանիշի՝ Skims-ի կապիտալիզացիայով ընդգրկվել է Forbes-ի ամենահարուստ կանանց ամերիկյան վարկանիշում։ 2022 թվականին Skims ընկերությունն ընդգրկվել է Time ամսագրի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ ընկերությունների ցուցակում: Նախորդ տարվա ապրիլին նա պաշտոնապես միլիարդատեր ճանաչվեց։
Քարդաշյանը և Հայաստանը
Քիմը երկու անգամ է այցելել Հայաստան։ Առաջին անգամ նա եղել է 2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Աստղի ուղևորության նպատակն էր մարդկանց ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության վրա։ Երկրորդ անգամ նա Հայաստան է ժամանել 2019-ին՝ մասնակցելու WCIT 2019 ՏՏ-վեհաժողովին։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միլիոնավոր հետևորդներ ունեցող Քիմ Քարդաշյանը կիսվել է հաջողության իր գաղտնիքով և այն գաղափարներով, թե ինչպես տարբեր հարթակներ կարող են օգտագործվել բիզնեսի զարգացման համար: Նա նաև հանդիպումներ է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հենց այդ այցի ժամանակ նա մկրտել է նաև իր երեխաներին։ Քարդաշյանի կրտսեր որդուն տրվել է Վարդան անունը, դստերը՝ Աշխեն, իսկ միջնեկ որդուն՝ Գրիգոր։
44-օրյա պատերազմի ժամանակ նա ԱՄՆ-ին կոչ արեց դադարեցնել Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։ Բացի այդ, նա հանրայնորեն դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան։
Քարդաշյանի անձնական կյանքը
Քիմ Քարդաշյանը երեք անգամ է ամուսնացել։ Ընդ որում՝ նրա բոլոր ամուսինները հայտնի մարդիկ էին: Նրա առաջին ամուսինը երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասն էր, որի հետ ամուսնությունը տևել է 4 տարի՝ 2000-2004 թվականներին։ Երկրորդ անգամ Քիմն ամուսնացել է 2010-ին՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց համատեղ կյանքը տևել է 1 տարի։
Երրորդ ամուսնությունն ամենաերկարն ու դրամատիկն էր Քիմի կյանքում։ 2014-ին նա ամուսնացավ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Սակայն 2022-ի փետրվարին նրանք բաժանվեցին։ Ընդհանուր առմամբ՝ զույգը չորս երեխա է ունեցել։
Նախորդ տարվա նոյեմբերից հայտնի դարձավ Քիմի և իր նոր սիրեցիալի՝ հեռուստահաղորդավար Փիթ Դևիդսոնի սիրավեպի մասին, որը մեկ տարուց քիչ տևեց։
Ամփոփելով՝ մեջբերենք մի առիթով Քիմի ուշագրավ խոսքերը. «Երբ լսում եմ, որ տաղանդ չունեմ, ուզում եմ ասել՝ «Լավ, բայց գոնե հարգանքով վերաբերվեք ինձ, եթե ես անտաղանդ եմ, եթե ոչինչ չեմ անում, ապա ինչպե՞ս եմ ես նման կարիերա ստեղծել»: