Մեր որոշումների դանդաղեցման հիմնական պատճառը տվյալներն են․ ինչքան լավ մշակված տվյալներ, այնքան հեշտ քաղաքականության մշակման գործընթաց։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով վերջերս տեղահանված՝ Աղավնոյի, Սուսի բնակիչներին բնակարան հատկացնելուց։
«Մարդիկ կան, որ սերտիֆիկատն արդեն ստացել են, պայմանագիրը կնքել են, աշխատանքային պրոցես է, որն անընդհատ ընթանում է, այսինքն՝ մենք անընդհատ իրենց լսում ենք և այն լավարկումները, որ նախագծում եղան, հենց իրենց առաջարկած քննարկումների արդյունքում է տեղի ունեցել»,- նշեց նախարարը։
Նա հավելեց, որ այդ սերտեֆիկատները տալիս են Արցախից տրամադրված ցուցակների հիման վրա, որոշակիորեն դանդաղեցին աշխատանքները, որովհետև այդ ցուցակներում ճշգրտումներ էին տեղի ունենում և, առհասարակ, իրենց որոշումների դանդաղեցման հիմնական պատճառը տվյալներն են․ ինչքան լավ մշակված տվյալներ, այնքան հեշտ քաղաքականության մշակման գործընթաց։
«Չեմ կարող ասել, թե քանի ընտանիք է ստացել սերտիֆիկատ, սակայն աշխատանքները շարունակվում են»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։