Պաշտպանության նախարարության հրաձգության դասընթացներին մասնակցելու նպատակով 14 օրում 1500 մարդ է հայտարարագրվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ նշելով, որ հայտագրվածներից 1300-ը իգական սեռի է, 200-ն՝ արական։ Գրանցումը եղել է առցանց և տևել է հոկտեմբերի 17-ից 30-ը։
Մեր հարցին, թե օրական քանի՞ մարդ է մեկնելու դասընթացների՝ Թորոսյանը պատասխանեց, որ բաշխումը տարբեր օրերի համար տարբեր է։ Դասերը կլինեն միայն շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի չխանգարեն մարդու հիմնական զբաղվածությանը։ Հայտնի է, որ առաջին օրը՝ նոյեմբերի 5-ին, կրակայինի կմեկնի 200 մասնակից։ Նրանք օրվա 8 ժամը կանցկացնեն հրաձգարանում։ Այսպես հաջորդող շաբաթ և կիրակի օերերի ընթացքում մասնակիցների ֆոնդը կսպառվի ու նոր հայտագրում կկազմակերպվի։ Այս փուլում այն անցկացվում է Երևանի տարածքում, իսկ հաջորդիվ կանցնեն մարզերին։ ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ նախատեսվում է նաև լրատվամիջոցների համար դասընթաց կազմակերպել։
Ի դեպ՝ ՊՆ-ն կհոգա ոչ միայն տեղափոխման ծախսերը, այլ սնունդով, տաք թեյով ու սուրճով, բոլոր հարմարություններով կապահովի մասնակիցներին։ Թորոսյանը նշեց, որ դասընթացը բոլորովին անվճար է։ Ավելին՝ հաջողություններ գրանցած որոշ մասնակիցներ հնարավոր է՝ խրախուանքի արժանանան։ Մեր հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվելու խրախուսվողները և ինչ խրախուսանք է սպասվում, Թորոսյանը պատասխանեց, որ կխարխուսեն լավագույն արդյունքներ գրացած մասնակիցներին՝ նախապատվությունը տալով զինծառայողների հարազատներին՝ մարերին, քույրերին, հայրերին․․․ Իսկ խրախուսանքի ձևը դեռ որոշված չէ․ մի քանի տարբերակ է քննարկվում, հետագայում կհայտնեն։
Մեր հարցին, թե յուրաքանչյուր մարդ քանի՞ պարապմունքի կմասնակցի, ՊՆ խոսնակը պատասխանեց, որ 1500 մարդուց յուրաքանչյուրը մեկ 8-ժամյա պարապմունքի կմասնակցի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները հաշվի առնելով, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։