Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է հերթական իրավախախտումը։ Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել չհայտարարագրված շարժիչային յուղ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։
Նշվում է, որ օրերս Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում, մաքսային զննման է ենթարկվել, ՀՀ ներմուծված և Հարավային մաքսատուն-վարչությունում՝ որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։
Զննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ ներմուծված ապրանքը չի հանդիսանում նավթային բիտում։ Նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Իրանից Հայաստան տեղափոխված ավելի քան 25 տոննա քաշով ապրանքն իրենից ներկայացնում է շարժիչային յուղ։
Դեպքի կապակցությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ նշված իրավախախտման արդյունքում տեղի է ունեցել ավելի քան 20 միլիոն դրամի չափով մաքսային վճարների պակաս վճարում։ Նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչություն։