Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները երկար դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան, գրում է «Ժողովուրդ»-ը։
Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ հրապարակման, կմասնակցի նոյեմբերի 15-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանին։
«Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է իր պայքարում օգտագործել խորհրդարանական ամբիոնը՝ միաժամանակ փողոցային բողոքի ակցիաներ անցկացնելով»,- գրում է թերթը։
Որոշումը կայացվել է նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։
ԱԺ պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը, թե «Հայաստան» խմբակցությունը որոշել է վերադառնալ խորհրդարան՝ նշելով, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ «Այս հարցն այս կամ այն ձևով քննարկվում է, բայց մեր նախնական հայտարարությունը, որ Հայաստան խմբակցությունը խորհրդարան կվերադառնա բացառապես իր օրակարգով, գոնե այս պահին ուժի մեջ է»,- ընդգծել էր Սաղաթելյանը։
Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, այս տարվա ապրիլից բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը։ Մայիսի 2-ից Երևանում հակակառավարական ցույցեր էին անցկացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Փողոցային ցույցերը տևել են ավելի քան 40 օր։