Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի հետ համագործակցությամբ համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետում հիմնվել է Հայագիտության ամբիոն։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։
«Դեսպան Սոս Ավետիսյանը և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի ռեկտորի տեղակալ Խուան Կառլոս Դոադրիո Վիյառեխոն ստորագրել են Հուշագիր «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի միջև Հայագիտության հատուկ ամբիոնի ստեղծման մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ամբիոնն ստեղծվել է Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։