Աշոտաբերդում փայտե տները նոր շենքերով փոխարինելու նախագծային աշխատանքները մոտենում են ավարտին, դրանք ամբողջությամբ կավարտվեն երկու օրից: Այս մասին ԱԺ-ում ասաց քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե ի՞նչ ընթացքում են Աշոցքի Կոճոռ և Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասերում փայտե տնակների փոխարեն նոր շենքեր կառուցելու նախագիծը, որին կառավարությունը գումար է հատկացրել:
«Նշեմ, որ 24 շենք է եղել, որոնց փոխարեն նախագծով կառուցվելու է 15 շենք: Դա մոտավորապես 6,4 միլիարդ արժողություն ունի,մինչև 24-25 թիվը կավարտենք»,- ասաց Ղուլարյանը:
Նա նշեց նաև, որ 2024 թվականի համար 600 միլիոն դրամ է բյուջեով նախատեսված, այսինքն՝ կավարտեն, միանգամից կհայտարարեն շինարարության մրցույթը, կկնքեն պայմանագիրն ու կսկսեն աշխատանքները: Ինչ վերաբերում է Աշոցքին, ապա պայմանագիրը կնքված է, մյուս տարի կմտնի ուժի մեջ: Ղուլարյանը հույս հայտնեց, որ 2024 թվականի բյուջեով կհաջողվի գումար խնդրել ու աշխատանքները սկսել: Գումարի հատկացման ծավալը 4,2 միլիարդ է կազմում:
Այս պահին երկու ապամոնտաժված փայտյա շենքի փոխարեն Սպիտակում 700 միլիոնանոց շենք է կառուցվում, որի ավարտը կնախանշվի եկող տարի, ասաց կոմիտեի նախագահը: Իսկ այս տարի մեկ վթարային շենքի փոխարեն նոր շենքի կառուցում կավարտվի Ապարանում: