Բանկի կառավարիչը 2 քաղաքացուց խարդախությամբ ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Մարտունի համայնքի 55-ամյա բնակիչը, հանդիսանալով Հայաստանում գործող բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նույն համայնքի երկու բնակչի բարձր տոկոսով եկամտաբերություն ստանալու կեղծ խոստումներ է տվել և ստացականներ տրամադրել՝ վստահություն առաջացնելով նրանց մոտ:
Արդյունքում՝ Մարտունի համայնքի նշված բնակիչներից մեկը բանկի մասնաճյուղի կառավարչին հանձնել է ընդհանուր 28.901.500 ՀՀ դրամ, մյուսը՝ ընդհանուր 21.694.520 ՀՀ դրամ, որոնք հափշտակվել են վերջինիս կողմից՝ քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բանկի մասնաճյուղի կառավարչին մեղադրանք է ներկայացվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով: