Ռուս հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան արցախյան իրադարձություններին համաշխարհային հանրության արձագանքն անվանել է «համր անտարբերություն»։
«Մենք նման ենք այս միայնակ ծառին՝ մառախուղի և համր անտարբերության մեջ: Դե՛, մի՛ լռեք, գործե՛ք, նրանք, ովքեր կարող են ազդել սրա վրա, բավարար չէ միայն «մտահոգություն հայտնելը»… Չնայած այս անգամ էլ ոչ ոք չի արձագանքի»,- գրել է նա իր Instagram-ում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: