«Հանուն Արցախի ճանապարհի երեքշաբթի երեկոյան ժամը 19։30-ին հավաքվում ենք Օպերայի բակում և այնտեղից քայլերթով գնալու ենք Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ, որից հետո գնալու ենք ՄԱԿ-ի գրասնեյակի դիմաց, որտեղից պետք է մեր ձայնը լսելի դարձնենք ամբողջ աշխարհին»։ Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ դերասաններ։
Նրանք նշել են, որ սա քաղաքական ակցիա չէ, այլ փորձ է օգնել արցախցիներին, որոնք ներկա պահին շրջափակման մեջ են։
Հայտնի դերասանուհի Թամարա Պետրոսյանը նշել է, որ ակցիային կարող են միանալ բոլոր ցանկություն ունեցողները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: