Armenia Today֊ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականի որ իրադարձությունն է առավել շատ տպավորել իրենց, ինչ կհիշեն 2022 թվականից։
Հարցվողների մեծ մասը վատ տպավորություններով է լցված։ «Սպասում եմ, որ եկող տարին ավելի լավը լինի, քան անցած տարին», «շատ վատ, բացասական բաներ, ոչ մի դրական բան, ցավոք սրտի, չեմ կարող առանձնացնել»։ Ահա այսպիսի պատասխաններ էին հիմնականում հնչում հարցված քաղաքացիների շուրթերից։
Կան նաև մարդիկ, որոնք դրական ակնկալիքներ ունեն․ «Մի քիչ տխուր տարի էր, լավ սպասելիքներով գնում ենք 2023 թվական»,֊ նշեց հարցվածներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ առանձնացրեց երկրի քաղաքական վատ վիճակը․ «Քաղաքական վատ վիճակ է առաջին հերթին, շատ մեծ մտավախություն դեռ կա, անընդհատ մեր մեջ ծփում է պատերազմի հիշատակը, զոհերը․․․»,- նշեց նա։
Armenia Today֊ի հարցման մասնակիցներից մեկն էլ ընդգծեց, որ «այս տարի հիշվելու է միայն հայերի դավաճանությունները, ուրիշ ոչ մի բան»։
Իսկ ահա մեկ այլ քաղաքացի էլ տարին առանձնացրեց ժողովրդի կենսամակարդակի իջեցմամբ․ «Հայաստանի ապրելակերպի իջեցմամբ, ժողովրդի կենսամակարդակի իջեցմամբ, մարդկանց հոգեբանական վիճակի վատացմամբ, մարդիկ անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ»,- շեշտեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։