Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի և Արցախի նախագահներ Վահագն Խաչատուրյանն ու Արայիկ Հարությունյանը ցավակցել են այսօր ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:
Գարեգին Երկրորդը նշել է, որ խոր ցավով են տեղեկացել ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
«Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։ Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։ Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից»,- ընդգծել է նա։
ՀՀ նախագահի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն իսպառ բացառելու համար:
«Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Խաչատուրյանը:
Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից ցավակցություն ու զորակցություն է հայտնել հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։
«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։ Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այսօր զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: