Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը, Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Armenia Today-ը հարցում է արել քաղաքացիների շրջանում՝ հետաքրքվելով, թե ինչ կարծիք ունեն այս մասին:
Հարցված քաղաքացիների մեծամասնությունը կողմ է կանանց՝ բանակում ծառայելուն:
«Համաձայն եմ, որովհետև եթե մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ կանայք և տղամարդիկ հավասար են և հավասար աչքով պետք է նայել և՛ կանաց, և՛ տղամարդկանց, ապա այս դեպքում կանանց ծառայելը նույնպես ճիշտ որոշում կլինի, ես հենց առաջիններից կլինեմ, որ կծառայի»,- ընդգծում է հարցված քաղաքացիներից մեկը:
Ծառայելու հիմնական պատճառներից մեկը քաղաքացիները համարում են պատերազմի վտանգը:
«Բոլորս էլ պետք է պատրաստ լինենք, երկրի այս վիճակը չի անցնելու ոչ հիմա, ոչ մոտ ապագայում, պատրաստ լինելը բացի օգուտից՝ վնաս չի տալիս»,- ասում է հարցվածներից մեկը:
Ոմանք կարծում են, որ Հայաստանը այլ ելք չունի, քաղաքացիներից մեկը վստահեցնում է. «Պետք է անպայման ծառայել, ուրիշ ելք չունենք, մեր փրկությունը մեր բանակն է»:
Միևնույն ժամանակ հարցվածները կարծում են, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան պայմաններ:
«Դժվարանում եմ կարծիք հայտնել, եթե համապատասխան պայմաններ ստեղծեն, կարելի է, ես այս տարիքի հետ մեկտեղ չէի ծառայի, կարծում եմ կարելի է մինչև 30 տարեկանը փորձել»,- ասում է միջին տարիքի մի կին:
Որպես օրինակ՝ հարցվածները բերում են Իսրայելի օրինակը, որտեղ կանայք անցնում են ժամկետային զինծառայություն:
«Ես ծառայել եմ Իսրայելում»,- ասաց հարցված կանանցից մեկը՝ ավելացնելով՝ ուրիշ ելք չունենք, մեր փրկությունը մեր բանակն է:
Կանանց ծառայությանը դեմ հանդես եկող քաղաքացիները հիմնականում պատճառաբանում են տարիքը, սեռով պայմանավորված առանձնահատկությունները, գործը տղամարդկանց վստահելու միտքը:
«Իմ կարծիքով՝ սխալ է, քանի որ դա ավելի շատ տղամարդկանց աշխատանքն է, քան կանանց»,- ասում է երիտասարդ աղջիկներից մեկը:
Մանարմասները՝ տեսանյութում: