ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, որը կապված էր Աշոտ Փաշինյանի հետ․ վերջինս այսօր հերքել էր իր վրա հարձակման մասին տեղեկությունը։ Հենց Սիմոնյանն էր ավելի վաղ հայտարարել, որ կրտսեր Փաշինյանի վրա հարձակվել են։
Լրագրողների նկատառմանը, թե Սիմոնյանը, պարզվում է, «կեղծ տեղեկություններ» է տարածում, նա ասել է. «Ինչ գնահատական էլ տրվի, ես չեմ մեկնաբանի»։
Այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել, հայտնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ սա քաղաքական սադրանքների շարք է։ Armenia Today-ը փորձել էր ոստիկանությունից ճշտել, թե արդյո՞ք հաղորդում ստացվել է։ Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնել էր, որ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանի վրա հարձակման առնչությամբ ահազանգ-հաղորդագրություն չի ստացվել։
Ավելի վաղ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն էլ հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը ենթադրյալ հանցագործություն է գործել՝ հրապարակելով կեղծ տեղեկատվություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որդին՝ Աշոտ փաշինյանը, իբր հարձակման է ենթարկվել։ Նրա խոսքով՝ եթե Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, ՊՊԾ-ն բռնության մասին հայտարարություն չեն տարածել, նշանակում է ՀՀ ԱԺ նախագահի տրամադրած տեղեկատվությունը կեղծ է։