Զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, որի շուրջ պետք է մտածել, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով զինանշանի փոփոխության հնարավորությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ»:
Նրա խոսքով՝ հարցի շուրջ ավելի երկար աշխատանք տանելու անհրաժեշտություն կա, որ փոփոխությունների մասին ավելի հստակ պատկերացում լինի։
«Այս պահին հստակ ժամանակացույց, ընթացակարգ ձևաչափ չկա, և ներկայումս ակտիվ աշխատանքային գործընթաց չունենք»,-հավելել է նախարարը։
Մամուլն այսօր՝ հուլիսի 13-ին, գրել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ ՀՀ զինանշանի և օրհներգի փոփոխության վերաբերյալ քննարկում է եղել։ Մամուլում նշվել էր, որ իշխանությունները նախատեսում են զինանշանի և օրհներգի փոփոխության հարցերով մասնագիտական հանձնաժողով ստեղծել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ԱԺ֊ում հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը կապ չունի 1991 թվականին հիմնադրված Հայաստանի պետականության հետ: Նա նաև առաջարկել էր փոխել օրհներգի վերջին տողերը, որպեսզի այն չավարտվի զոհվելու տեսարանով:
Armenia Today-ը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում՝ խնդրելով գնահատել այս հայտարարությունները։