ՔՊ-ականները քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` Լևոն Քոչարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ, գրում է «Հրապարակ»-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։
«Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն այն դեպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որևէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»,- ընգծել է նա:
Նոյեմբերի 6-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ պատգամավորական մանդատ ստացած Լևոն Քոչարյանին ազատ էին արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
ԿԸՀ-ն նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում ընդունված արձանագրությամբ կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին պատգամավորի մանդատ էր փոխանցվել։ Նոյեմբերի 5-ին կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել էին, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
Նոյեմբերի 3-ին հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Անժելա Նալբանդյանը (դաշինքի նախընտրական ցուցակի 48-րդ համարը) չի վերցնի պատգամավորական մանդատը, որը պետք է ստանար դաշինքի պատգամավորներ Արմեն Չարչյանի, Միհրդատ Մադաթյանի (դաշինքի ընտրական ցուցակի 47-րդ համար) և Գերասիմ Վարդանյանի (դաշինքի նախընտրական ցուցակի 49-րդ համարը) կողմից պատգամավորական մանդատներից հրաժարվելուց հետո։ Դաշինքի ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։
Նոյեմբերի 2-ին «Հրապարակ»-ը գրել էր, որ դաշինքը որոշել էր մանդատը փոխանցել Լևոն Քոչարյանին (դաշինքի նախընտրական ցուցակի 50-րդ համարը), ով կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին ( հոկտեմբերի 19-ին դատարանը երկարացրել էր կալանքը երկու ամսով): «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր այս տեղեկությունը և հորդորել էր արել սպասել հայտարարությունների։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։