Իսրայելական Xana Capital ընկերության ներկայացուցիչներ Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը, ովքեր հավակնում են Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող տարածքին, հանդիպել են արմատական Ateret Kohanim կազմակերպության ղեկավարների հետ, որը ձգտում է հուդայականացնել Երուսաղեմի ամբողջ Հին քաղաքը, Հայկական թաղամասի փրկման շարժումը հայտնել է 301arm նախագծին:
«Մոտ մեկ շաբաթ առաջ Հայկական թաղամասը փրկելու շարժման անդամները լուսանկար ստացան, որտեղ երևում են Ջորջ Վարվարը և Դենի Ռոթմանը: Նրանք հանդիպել են Ateret Kohanim-ի գործադիր տնօրեն Դանիել Լուրիայի և նախագահ Մատիտյահու (Մատի) ՀաԿոհեն Դանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծայրահեղական Ateret Kohanim կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Քրմերի թագը») ձգտում է հուդայականացնել Երուսաղեմի ողջ Հին քաղաքը՝ հայկական, քրիստոնեական և մահմեդական թաղամասերի, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասերի տարածքների ձեռքբերման միջոցով։
2005 թվականին նա ձեռք էր բերել Հունական ուղղափառ պատրիարքարանի սեփականությունը, ինչը հանգեցրել էր Իրենեոս պատրիարքի վտարմանը վիճահարույց գործարքում նրա մասնակցության պատճառով: Ըստ կազմակերպության կայքի՝ այն պարտավորվել էր «վերադարձնել Իսրայելի մայրաքաղաքում գտնվող հրեաներին պատկանող գույքը և վերականգնել հրեական թաղամասերը Հին քաղաքի և նրա հարակից տարածքների սրտում»:
Նոյեմբերի 5-ին Xana Capital ընկերության ներկայացուցիչները զինված հրեա վերաբնակիչների հետ ներխուժել էին Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգի» հատվածի տարածք՝ պահանջելով, որ հայերը հեռանան այնտեղից։ Իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը հայ ակտիվիստների դեմ վերաբնակիչների ագրեսիայի ֆոնին իսրայելական ոստիկանության անգործությունը անվանել էր «կառավարական նախագիծ»։ Նա հայտարարել էր նաև իսրայելցի վերաբնակիչների կողմից Երուսաղեմի հրեական թաղամասը հայկական տարածքների հաշվին ընդարձակելու փորձի մասին։