Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը, այդ մասին նա հայտնել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին մարտի 28-ի որոշմանը, որը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» բացատրել էր արձանագրված խախտումներով։
Հայրապետյանը տեղեկացրել է, որ պատրաստվում են ռուսական կողմին միջպետական համաձայնագրի խմբագրման առաջարկներ ներկայացնել։
«Առաջարկների փաթեթ են ուղարկելու ՌԴ, եթե դրանք չընդունվեն, չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- հայտարարել է նախարարը։
Նա նշել է, որ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ են կայացել։
«Ռուսական կողմի հետ խորհրդակցությունների ժամանակ Հայաստանի տարածքում հեռարձակվող ռուսական ալիքների կողմից թույլ տված խախտումների փաստը չի հաջողվել արձանագրել»,- հավելել է Հայրապետյանը։
Մարտի 29-ին ՀՀՌՑ-ն արգելափակել էր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում։ 2023-ի հոկտեմբերին այդ պահին ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովը համաձայնագրի մի շարք կետերի խախտումներ է արձանագրել, մասնավորապես՝ «Առաջին ալիքի» և «Ռոսիա 24»-ի կողմից:
2023-ի դեկտեմբերին Երևանում տեղի ունեցած երկկողմ խորհրդակցություններից հետո ՌԴ թվային զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ հայկական կողմը չի ներկայացրել փաստաթղթային ապացույցներ ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ։ Համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել էր 2020-ի հոկտեմբերի 4-ին։