Երևանի քաղաքապետարանը 50 մանկապարտեզներում շուրջ 2000 տեսախցիկ կտեղադրի, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Տեսաձայնագրությունը հասանելի կլինի միայն պատասխանատուներին, ծնողներն ամենօրյա ռեժիմով դիտելու հնարավորություն չեն ունենա, մանրամասնել են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի խոսքով՝ տեսախցիկը կամ վերահսկող որևէ գործիք չի կարող խանգարել մանկավարժների աշխատանքին։ Ըստ նրա՝ այն հնարավորություն կտա արագ արձագանքել «անցանկալի երևույթներին»։
«Ցավոք սրտի, վերջին իրադարձություններն էլ ապացուցում են, որ դրա անհրաժեշտությունը կա, առաջին փուլով 50 մանկապարտեզներում կտեղադրվեն՝ հետագայում նպատակ ունենալով նաև բոլոր 162-ում ունենալու»,- ասել է Խաչատրյանը։
Առաջին փուլով քաղաքապետարանը տեսախցիկներ կտեղադրի վերանորոգված մանկապարտեզներում։
Հուլիսի 26-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծում է երեխային։ Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա մայիսին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում և բերման է ենթարկել մանկապարտեզի 45-ամյա աշխատակցուհու։ Այնուհետև Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։