Անծանոթ աղբյուրները Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր՝ այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, հայտարարել է Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը:
Նա զգուշացրել է՝ զգոն լինել նման իրավիճակներում և որևէ տվյալ չփոխանցել։
«Հակերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր խաչի ընկերության թեժ գծի 81 84 հեռախոսահամարին»,- հավելել է Հովհաննեսյանը։