13,5 հազար կգ հավի միսը թաղման եղանակով ոչնչացնելուց հետո ընկերությունը հանել է այն ու տեղափոխել պահեստ, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։
«ՊԵԿ-ի աշխատակիցները մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա: Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով»,- հայտնում է ՊԵԿ-ը։
Ըստ գերատեսչության՝ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։
ՊԵԿ-ը հայտնում է, որ «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա էին հողի ակնհայտ հետքեր։
Նշվում է, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։ Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Մանրամասները՝ տեսանյութում։