Կանխվել է ԱՄԷ-ից Հայաստան օդային ճանապարհով ադամանդների ներկրման փորձ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Մասնավորապես, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը: Մաքսային զննման արդյունքում ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված 4 հատ 31 գրամ քաշով դեղին թևնոց՝ թանկարժեք քարերի տեղադրման հենակների առկայությամբ, ադամանդ քարերի համար նախատեսված 239 հավաստագիր:
«Անձի մաքսային զննման արդյունքում քաղաքացու մոտ հայտանաբերվել է տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված 37 պոլիէթիլենային տոպրակ՝ ընդհանուր 246 գրամ քաշով։ Խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8 մլն դրամը»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ կոմիտեի՝ մաքսանենգության դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին։