Երևանի Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում անցկացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
ՍԱՏՄ-ից մանրամասնել են, որ մսի իրացման կետերը դադարեցրել են աշխատանքը և փակվել են, իսկ մատակարարները չեն կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:
Ըստ գերատեսչության՝ տեսչական մարմնի կողմից ոչ սպանդանոցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին բոլոր հնարավոր հարթակներով պարբերաբար իրականացվել են իրազեկման աշխատանքներ, մսի իրացման կետերը, այդ թվում՝ Խորենացի փողոցի, նախազգուշացվել են, որ ստուգումները կրելու են մշտական բնույթ։
ՍԱՏՄ-ից հիշեցրել են, որ նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս։
ՍԱՏՄ-ն մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորել է իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս։
Այսօր առավոտյան Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում ՍԱՏՄ-ի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցը լարված վիճաբանության էր վերածվել։ 8 անձ էր ձերբակալվել, որոնց թվում նաև ինքնահրկիզման փորձ կատարած մի քաղաքացի։ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ստուգումների արդյունքում ոչնչացման ենթակա մսամթերք է առգրավվել։ Նա նշել էր, որ շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով։
Հայաստանում 2020 թվականի հուլիսի 1-ից կառավարության որոշում է գործում, ըստ որի անասունների մորթը պետք է կազմակերպվի բացառապես սպանդանոցներում։ Մինչ այդ անասնապահներն ու մսավաճառները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության մոտ և նամակ էին փոխանցել վարչապետին՝ իշխանություններից պահանջելով ապահովել սպանդանոցների առկայությունը բոլոր անասնապահների համար և բոլոր համայնքներում։ 2020 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը հայտնել էր մոդուլային սպանդանոցների սարքավորումների լիզինգի սուբսիդավորման մասին՝ 15 տոկոսի չափով։