Անկախ նրանից, թե արտաքին տեսքի ինչ խնդրի մասին է խոսքը՝ մազերի ճյուղավորված ծայրեր, եղունգների շերտավորում, թե թառամած մաշկ, մասնագետների խորհուրդներից մեկը միշտ կլինի շատ ջուր խմելը, գրում է The Voice-ը։ Իզուր չէ, որ ջուրը կոչվում է կյանքի աղբյուր, մենք դրա կարիքն ունենք։ Դե, բառացիորեն ամեն ինչի համար:
Journal of the American Medical Association-ի (Ամերիկյան բժշկական ասոցիացիա) ամսագրում հրապարակված վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ H2O-ն այն գաղտնի բաղադրիչն է, որը կարող է բացակայել ձեր քաշի նվազեցման ծրագրից:
Խմի՛ր և նիհարի՛ր
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 18 փորձարկումներ, որոնցից երեքը ներառում էին ջուր խմել ուտելուց առաջ:
Նրանք ավելորդ քաշ ունեցող կամ գեր մեծահասակներին հանձնարարել են օրական 1500 մլ ջուր խմել ուտելուց առաջ: Փորձն ավարտելուց հետո գիտնականները պարզել են, որ այս փորձարկվողներն ավելի շատ քաշ են կորցրել, քան վերահսկիչ խմբերի մասնակիցները, որոնք պահպանել են ուտելու իրենց սովորական սովորությունները։
Գիտնականների եզրակացությունը, հավանաբար, ձեզ համար ակնհայտ է՝ եթե խմեք ուտելուց առաջ, շատ ավելի հեշտ կլինի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Բայց ինչպես է դա աշխատում: Իսկապե՞ս խոսքը միայն ստամոքսը հեղուկով լցնելու մասին է:
Մի՛ շփոթիր
Ինչպես բացատրում է բժիշկ և սննդաբան Մելինա Ջամպոլիսը, ջուրը չի կարող փոխարինել սննդին։ Ամեն ինչ այլ կերպ է աշխատում. փաստն այն է, որ մենք հաճախ ծարավը շփոթում ենք սովի հետ, հետևաբար՝ չափից շատ ուտում: Ուտելուց առաջ մեկ բաժակ ջուր խմելու կանոնն օգնում է խուսափել ջրազրկումից. արդյունքում մենք սկսում ենք ավելի քիչ ուտել և կրճատել չափաբաժինները:
Հնարավո՞ր է չափից շատ ջուր խմել
Այո, գերհիդրացիան նույնպես գոյություն ունի, որը կարող է հանգեցնել ինչպես թեթև անհանգստացնող ախտանիշների, այնպես էլ կյանքին սպառնացող լուրջ խնդիրների: Սակայն դրանց հանդիպելու հավանականությունը փոքր է՝ եթե սովորականից մի երկու բաժակ ջուր շատ խմեք, պարզապես ավելի հաճախ կվազեք զուգարան։
Ջրային թունավորումը, երբ մարդը խմում է ավելի շատ ջուր, քան նրա օրգանիզմը կարող է յուրացնել, և հիպոնատրեմիան՝ արյան պլազմայում նատրիումի կոնցենտրացիայի կրիտիկական նվազումը, առավել հաճախ հանդիպում են ծայրահեղ դիմացկունություն պահանջող սպորտով զբաղվողների մոտ։
Եթե դուք նրանցից չեք, ապա կարող եք հանգիստ խմել այնքան, որքան ցանկանում եք․ օրգանիզմն ինքը կակնարկի ձեզ, երբ պետք է դադարեցնել:
Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ բավականաչափ ջուր չեք խմում
Չոր բերանը և ծարավը ջրազրկման բնորոշ նշաններ են. մենք սովորաբար սկսում ենք դրանք զգալ, երբ 2% ջրազրկված ենք:
Որքան շատ ջուր լինի օրգանիզմում, այնքան ավելի մաքուր և թափանցիկ կլինի մեզը։ Եթե մթնում է, դուք պետք է փոխեք խմելու ռեժիմը։
Հազվագյուտ միզակապությունն այնքան էլ անվնաս չէ, որքան թվում է. եթե երիկամները չստանան այնքան ջուր, որպեսզի օրգանիզմից դուրս հանեն ավելորդ նյութերը, ապա այս ամբողջը կմնա ներսում և կառաջացնի մի շարք առողջական խնդիրներ:
Չոր մաշկը ևս մեկ նշան է, որ դուք բավականաչափ ջուր չեք խմում. փորձեք ավելացնել ջրի ընդունումը նախքան խոնավեցնող միջոցներ ձեռք բերելը:
Ջրի բացակայության պատճառով պլազմայում արյունն ավելի կթանձրանա, ինչը շատ ավելի դժվար կդարձնի մարմնի միջով դրա հոսելը դեպի օրգաններ: Արդյունքում ձեր արյան ճնշումը կնվազի:
Մարսողական համակարգը նույնպես առանց H2O-ի չի աշխատում այնպես, ինչպես պետք է. դուք կարող եք փորկապություն ունենալ:
Ուղեղը նույնպես կազդի. ջրազրկումը միգրենի տարածված գործոն է և կարող է նաև հանգեցնել գլխապտույտի և ուշագնացության: