«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի հունվարի 9-ի նիստն ավարտվել է քաշքշուքով, հայտնում է ArmLur-ը։
Ըստ թերթի՝ վիճաբանություն ու քաշքշուք է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև:
«Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական խայտառակ վիճակն է եղել, ապօրինի ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը։ Այսօր ևս ՔՊ-ական պատգամավորը ծառահատումների մասով սուր ելույթ է ունեցել ու մեղադրել մարզպետ Հայկ Ղալումյանին, ինչն էլ ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով ու քաշքշուքով»,- գրում է թերթը:
ArmLur-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները իրար հարվածել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, վերջինս էլ թողել ու հեռացել է:
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստում «բուռն» քննարկում են ունեցել։ Ըստ ՔՊ-ի մամուլի ծառայության՝ նիստում քննարկվել են անտառների կառավարմանը վերաբերվող հարցեր։