Խորհրդարանում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպումը տևել է շուրջ հինգ ժամ, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ հանդիպումը կառուցողական էր։
«Շատ կոնստրուկտիվ քննարկում էր՝ շատ կարևոր բոլորիս համար։ Քննարկումը տևեց 5 ժամ, այն շարունակություն ունի և այդ շարունակության մեջ մենք անելիք ունենք՝ և՛ Ազգային ժողովը, և՛ համապատասխան հանձնաժողովը, և՛ գործադիրը»,- ասել է Քոչարյանը։
Նա հավելել է, որ մեկ ամիս անց նորից հանդիպում է լինելու, բայց արդեն ինչ-որ խնդիրներ լուծած վիճակում։
«Ինչ-որ կետի հասել ենք և այդ կետից կշարունակենք, բոլոր գերատեսչություններն այս ընթացքում ունեն անելիք՝ ընդհուպ մինչև ԱԳՆ։ Կարծում եմ, որ այս ամենի մեջ պետք է սիրտ և հոգի դրվի։ Եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է դրվի այդ ճակատագիրը փրկելու համար»,- նշել է պատգամավորը։
Հանդիպմանը մասնակցած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ ծնողների հարցներն անպատասխան են մնացել։
«Էմոցիոնալ վիճակ էր, մարդիկ իրենց զավակների հետ կապված շատ հարցերի պատասխաններ չունեն։ Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները չկան, մարդիկ պատասխաններ են ուզում ստանալ»,- ասել է Դանիելյանը։
Ծնողներից մեկը նշել է, որ իրենց հարցերի «պատասխանները մենակ Աստված գիտի»։ Մյուսը հանդիպումը նորմալ է գնահատել և նշել, որ հույսը չի կորցնում։
«Հույսներս չենք կորցնում, կսպասենք հաջորդ հանդիպմանը մեկ ամիս հետո։ Բավարարվածություն չկա, բայց կան ինչ-որ շարժեր»,- ասել է նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մանրամասնել է, որ անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել։ Նրա խոսքով՝ շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կա՛մ ասելիք չունեին, կա՛մ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին:
«Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչությամբ լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները: Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել, և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ՝ լավատեսություն չներշնչող խոստումներով: Մի խոսքով՝ ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց»,- գրել է պատգամավորը:
2024-ի օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն 2024 թվականի հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016։