Հայկական բռնցքամարտի ֆեդերացիան բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին ձերբակալելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայկական բռնցքամարտի աշխարհը դատապարտում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ պատմության լավագույն բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի նկատմամբ քաղաքական ոտնձգությունները: Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մեր լեգենդար բռնցքամարտիկին»:
Հիշեցնենք, որ Իսրայել Հակոբկոխյանի վերաբերյալ որոշումը դատարանի կհրապարկի այսօր՝ ժամը 16:00-ին:
Հիշեցնենք նաև, որ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալված 5 անձանց՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին հունվարի 29-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մաս 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձ։ Այս պահի դրությամբ ազատության մեջ չէ միայն Իսրայել Հակոբկոխյանը: