Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ ՀԲՖ ղեկավարությունն ընդունել է այն։
«Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Գևորգյանին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Հավաքականի տղաներին մաղթում եմ հաջողություն»,-ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում նշեց Վահան Ադիլխանյանը:
Հիշեցնենք, mոտ երկու տարի Հայաստանում գործում էր բռնցքամարտի երկու ֆեդերացիա` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան և Հայկական ազգային ֆեդերացիան: Հավաքական թիմը բաժանված էր երկու մասի, և մարզիկները նույնիսկ չէին մարզվում միասին:
Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության դահլիճում կայացած համաժողովում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը: Համաժողովին ներկա էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Յուրի Զայցևը:
Մինչ քվեարկության մեկնարկը 4 թեկնածուներից 2-ը հանեցին իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվեց սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի միջև: Քվեների 67/10 հարաբերակցությամբ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը։