Բնականաբար, այնպիսի մրցումներում, ինչպիսին է Եվրոպայի շախմատի առաջնությունը, երկրորդ կեսն ավելի դժվար է ընթանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր՝ օգոստոսի 26-ին, ասաց Եվրոպայի աշխարհի կանանց առաջնության հաղթող Էլինա Դանիելյանը՝ հավելելով, որ առաջին կեսից սկսած արդեն լավ է խաղացել, եղել է կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ տեղերում, սակայն երկրորդ կեսի վերջին երկու պարտիաներն ամենադժվարն են եղել իր համար․ ոչ այնքան շախմատային, որքան հոգեբանական առումով։
«Էլինայի հաջողությունը առանձին կետ է, որի մասին պետք է խոսել, քանի որ Հայաստանի պատմության մեջ երբևէ ո՛չ կանանց, ո՛չ տղամարդկանց մեջ Եվրոպայի չեմպիոն չի եղել»,- ասաց Հայաստանի շախմատի կանանց հավաքականի մարզիչ Զավեն Անդրիասյանը։
Ե՛վ հավաքականի մարզիչը, և՛ շախմատիստուհին նշեցին, որ հաղթանակի գրավականը եղել է կարոտը դեպի սիրելի սպորտը։
«Երբ մեկ ու կես տարի չես զբաղվում քո սիրելի սպորտով, բնականաբար, ուզում ես նորից խաղալ ոչ թե համակարգչի էկրաններին, այլ տախտակի առաջ»,- ասաց Անդրիասյանը՝ նշելով, որ մյուս շախմատիստուհիների անհաջողությունը կապված է եղել ավելորդ հուզականության հետ։
Նա նաև նշեց, որ սեպտեմբերի 26-ից Իսպանիայի Սիջես քաղաքում հավաքականը Աշխարհի առաջնությանն է մասնակցելու, հնարավորություն կա մեդալի համար պայքարելու։ Ցավալիորեն հայկական հավաքականը հաճախ հենց վերջին խաղերում է տապալել հաղթանակն ու զրկվել մեդալից։ Սեպտեմբերի 8-ին լինելու է նաև օնլայն օլիմպիադա, որին ևս հավաքականը մասնակցելու է։
Խոսելով շախմատի ապագայի մասին՝ Էլինա Դանիելյանը հույս հայտնեց, որ երեխաները, հատկապես՝ աղջիկները, կզբաղվեն շախմատով, Հայաստանն էլ Վրաստանի նման կունենա շախմատի զարգացած դպրոց։ Ու այստեղ էլ կանանց շախմատը կդառնա «տրադիցիոն»։
Հիշեցնենք, որ Դանիելյանը ԵԱ վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա Մային: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ “առաջին նմանատիպ հաջողությունն է թե’ կանանց, թե’ տղամարդկանց շրջանում: