Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթել է Իսպանիայի հավաքականին:
Հաղթանակներ են նվաճել Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը, իսկ ազգային հավաքականի առաջատար, Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականը A խմբում զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին՝ 5 -րդ տուրում, մեր շախմատիստները կխաղան առաջատարի՝ Ռուսաստանի հավաքականի հետ:
Առաջնությանը, որը տեղի է ունենում իսպանական Սիտջես քաղաքում, մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն թիմերը: Նրանք բաժանված են երկու խմբի: 1-4-րդ տեղերը գրաված թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:
Մեր հավաքականը նույն խմբում է հայտնվել Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ադրբեջանի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականում ելույթ են ունենում Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: