Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Լալայանը պոկել է 206 կգ և հրեց 241 կգ: Երկամարտի 447 կգ արդյունքով, որը ռեկորդային է Եվրոպայի առաջնությունում, Լալայանը դարձավ Մ 23 տարեկանների հին աշխարհամասի չեմպիոն:
Ժամեր առաջ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանը դարձել էր Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: 109 կգ քաշային կարգում Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 383 կգ արդյունքով դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճել է թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում:
Ավելի վաղ` հոկտեմբերի 1-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Մ23 տարեկանների առաջնության 89 կգ քաշային կարգում Ավագյանը մեկ մոտեցմամբ պոկել է 165 կգ և նվաճել փոքր ոսկի, այնուհետ հրեց 195 կգ (կրկին փոքր ոսկե մեդալ): Երկամարտի 360 կգ քաշով Ավագյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն էր դարձել նաև Լիանա Գյուրջյանը, ով երկամարտում գրանցել էր 213 կգ արդյունք: