Հոկտեմբերի 10-ին Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ռումինիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է, ինչի վկայությունն էր մարտ ամսվա մեր հանդիպումը: Հիմա պետք է կենտրոնանալ և պատրաստվել վաղվա խաղին»,- ասել է Տարոն Ոսկանյանը:
Կարևորելով առաջիկա հանդիպման արդյունքը՝ նա նշեց, որ թիմը պատրաստվում է հաղթել: Խոսելով մարզչի աշխատանքի մասին՝ պաշտպանն ասաց. «Խոակին Կապարոսը նոր գաղափարներ բերեց, ստիպեց հավատալ իմ ուժերին: Նա շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում»:
Կապարոսն իր հերթին շեշտեց, որ Ռումինիայի հավաքականը բավականին ուժեղ թիմ է, որում կան շատ տաղանդավոր խաղացողներ: «Մեկնարկային սուլիչին դեռ 24 ժամ կա: Մենք ֆուտբոլիստներին ժամանակ կտանք վերականգնվելու համար, վաղը կորոշենք մեկնարկային կազմը: Մենք գոհ չենք Իսլանդիայի հետ հանդիպման արդյունքից և պետք է հոգեբանորեն պատրաստվենք ռումինացիների հետ խաղին»,- ասել է Կապարոսը:
2022 թվականի Աշխարհի առաջնության Ռումինիա-Հայաստան ընտրական J խմբի 8-րդ տուրի հանդիպումը, որը կանցկացվի հոկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, կսպասարկի իտալական դատավորների թիմը՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ:
Յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականը 12 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը J խմբում: Մեր ֆուտբոլիստները 6 միավորով են հետ մնում առաջատարից՝ Գերմանիայի հավաքականից, և 2 միավորով գերազանցում են Ռումինիայի հավաքականին: